ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Ֆուտբոլային պարտությանը՝ շախմատային հաղթանակով

Ֆուտբոլային պարտությանը՝  շախմատային հաղթանակով
16.06.2017 | 12:00

Հանգամանքների բերումով մենք չկարողացանք անդրադառնալ 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական թևի որակավորման վեցերորդ տուրի հանդիպումներին և, որ հատկապես ցավալի է, Չեռնոգորիա-Հայաստան դիմակայությանը: Չէ, չէ, պատճառը վարչապետի ասած, ո՛չ ծամոնը բերաններին, չստիկներով, անթրաշ, Սևանի անվան տակ տուրիստներին Կարապի լիճը հոր գնով նաղդող տաքսու վարորդներն էին, ո՛չ էլ հանրապետությունում տեղացած կարկուտն ու «բարի» ավանդույթի ուժով հակակարկտայինների չաշխատելը կամ անարդյունավետությունը: Չկայացած հանդիպման պատճառը մեզ հիվանդանոցի դռներ հասցրած «կարկուտն» էր, այդ կարկուտի բերած այն գիտակցումը, որ առողջությունը չափազանց թանկ պարգև է անմտորեն վատնելու համար, ու եթե այդպես ես վարվում, ինչպես գեհենի դուռ, հիվանդանոց գնալու, էկզոտիկ բժշկական կոնտինգենտի հետ շփվելու ոդիսականը կարող ես ունենալ («Աստղիկ» բժշկական կենտրոնում սա ձեզ լիուլի կարող են խոստանալ), իսկ սոցիալական փաթեթ ունենալուդ հիշատակումը մարդկանց խղճահարությունը միայն կարող է առաջացնել: Սակայն, քանի որ այս ամենին մտադիր ենք անդրադառնալ առանձին նյութով, դառնանք մեր հավաքականի մրցելույթին: Որ չեռնոգորցիների հետ խաղում անառարկելիորեն ունենալու էինք մեր գոլը, գոնե ինձ համար աքսիոմատիկ իրողությունների շարքից էր, նույնքան անբեկանելի բան, որքան արևի` արևելքից ելնելն ու արևմուտքում հանգստի անցնելը: Իհարկե, մեծն լուսատու-ջերմատուի հետ կապված այս պրոցեսը աշխարհի մասին նախամարդու ունեցած պատկերացումներից եկած ժառանգություն է ու բնավ էլ գիտական հիմք չունեցող (չիմացողների համար հատուկ ասեմ, որ արևն իր տեղում կա՝ այդ մե՛նք ենք նրա շուրջը պտտվում), բայց դե խոսք է՝ ասում ենք, համեմատություն է՝ անխնա շահագործում ենք:


Շարունակեմ: Մեր բաժին խփելիքի հարցում իմ մեջ կասկած չկար, բայց որ վերջնահաշվում դա կլինի սոսկ «հեղինակության գոլ», այստեղ, մեր մեջ ասած, համը ելավ ու այն էլ ինչպես ելավ:
Վիրավորականը չեռնոգորցիների խփածի քանակի մեջ էր, սակայն ցավն այն է, որ մեր դարպասի գրավումներն այնքան բնական էին ներդաշնակվում մերոնց չխաղալու, խաղալ չկարողանալու հետ, որ ինչ-որ փուլից դրանք սկսեցին անգամ դուր գալ, ու երբ 11 համարի խփածից հետո հաջորդ գոլի հեղինակը դարձավ 10 համարը, մտածեցի՝ սրանք կարո՞ղ է որոշել են համարների այս նվազականով մեր հարցերը լուծել: Բարեբախտաբար, կանգնեցին տասը համարի վրա, թեպետ սրա արածն էլ արած չէր՝ մեր սև սրտի կողքին դրա երեք գոլ խփե՞լը որն էր:


Առաջին գոլը կերանք՝ հասկացանք. տղերքը հանդերձարանից ամբողջովին չէին դուրս եկել (մարմինը կար, հոգին չկար), երկրորդը տրամաբանականի շրջանակներից էր (դե մի գոլ ոնց էլ լինի՝ կլինի. կամ դու ես խփելու, կամ քեզ են խփելու), երրորդը տարածության մեջ կողմնորոշվելու ունակությունը կորցրածի գլխին մի հատ էլ բամփելու պես բան էր, իսկ չորրորդը կատարյալ շանտղություն էր, քանզի ասպետական կանոն է՝ ընկածին չեն խփում:
Սակայն միամիտ չլինեք՝ մտածելով, թե այս շնածեծը հենց այնպես եղավ կամ դատարկ տեղից ծնվեց: Սա մեր միամտության լիակատար վարձատրությունն էր, որը չէր լինի, եթե հանկարծակիի չբերեին. ամառը չեռնոգորցիների մոտ ֆուտբոլային անհաջող մրցելույթների շրջան է օրորոցայինով:
Փաստորեն, նյութվել ու հայկական ֆուտբոլի նկատմամբ իրականացվել է դավադրություն, որի ամենավերջին փակագծի բացման մեջ անգամ պիտի նախանձախնդիր լինել: Սա, կներեք, նույնքան լրջություն պարունակող հարց է, որքան Վրաստանի սահմանով Հայաստան «Իգլայի» տրուբի (խողովակի) գործի բացահայտումը: Հետևաբար, մարտական առաջին կարգի հանձնարարություն համապատասխան կառույցներին՝ ո՞վ և ինչի՞ դիմաց է վերը հիշատակված ապակողմնորոշումը նետել լրատվական դաշտ, հանրության ու ֆուտբոլիստների համար դարձրել անբեկանելի համոզվածություն՝ հավաքականն ազգի հետ կանգնեցնելով փաստի առաջ:


Երկրորդ՝ թիմի կազմը կամ մարտավարությունը ճիշտ չէ՞ր ընտրված: Անհեթեթություն:
Կարող է՞, գիտեք, մենք էն անտեր երկրներից ենք, որտեղ մարզիչն ինչ ուզենա ու ինչպես ուզենա անի: Եթե կան նման խոտոր պատկերացում ունեցողներ, ժամանակն է, որ կանգնեն ճիշտ ճանապարհին ու վերջապես հասկանան, թե մեզ մոտ ֆուտբոլային հիերարխիան ինչպես է կառուցված: Մեզ մոտ մարզչի ինքնագլուխ որոշումներ կայացնելը, խաղի, խաղացողների վերաբերյալ սեփական պատկերացումներ ունենալը հիմնովին բացառված են, քանզի ֆուտբոլի ֆեդերացիայի ամենազոր, ամենակարող, ամենագետ նախագահը խաղի մարտավարությունը ինչպիսին տեսավ կամ դաշտում, հավաքականում ում կամեցավ տեսնել, մարզիչն էլ պիտի նույնպիսի համոզվածությամբ, ոգեշնչվածությամբ ու նվիրվածությամբ ուզենա, որովհետև փոխհանդուրժողականության, լիակատար դեմոկրատիայի պայմաններում այլ կերպ չի լինում:


Սակայն այստեղ լրջագույն մտավախություն կա: Փաստերը ճիշտ չընկալելու պարագայում և չափից ավելի անհարկի սևեռվելով նույնքան անհարկի մանրամասների վրա՝ կարող եք սխալ եզրահանգում անել, կարծելով, թե Չեռնոգորիա-Հայաստան խաղում մարզչի հետ հավասարապես պարտություն է կրել և ֆեդերացիայի նախագահը:
Այ այստեղ է արդեն, որ ներսումս եղած ողջ ցասումով պիտի դեմքներիդ շպրտեմ՝ ղալլաթ եք արել ձեր այդ արատավոր մտածողությամբ:
Ֆուտբոլում ինչպե՞ս է ընդունված ասել:
Ճիշտ եք՝ պարտվում է մարզիչը:
Մենք հո չե՞նք կարող լինել ընդհանուր ճշմարտություններից դուրս (երբևէ լսե՞լ եք, որ ասեն՝ պարտվեց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը): Այ, հաղթանակի դեպքում է, որ այս պարզ ճշմարտությունը չի կարող մեխանիկորեն գործել, քանզի հաղթանակը տե՛ր պիտի ունենա, իսկ լուրջ երկրներում այդ տերը չի կարող լինել մարզչի նման փխրուն հնարավորություններ ունեցող անձնավորությունը: Այդ անտեր երկրներում է, որ հաղթանակը թիմի հետ շնորհվում կամ վերագրվում է մարզչին: Իսկ լուրջ երկրներում, եթե, իհարկե նման երկրորդը կա, հավաքականի առանցքային դեմքը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, որի բացառիկ լիազորությունների տիրույթում են նախախաղային հայտարարություններով հանդես գալը, թիմ հրավիրվածների կամ չհրավիրվածների մասին սեփական պատկերացումները հանրային սեփականություն դարձնելը, մարզչին ու մարզիկներին տրվելիք հանձնարարությունների լուսաբանումները և այլն, և այլն:
Մի խոսքով, գլուխներդ ինչ ցավեցնեմ, Արթուր Պետրոսյա՞նն է թիմի կրած պարտության տերը, թող ինքն էլ պատասխանը տա: Կարող է՞՝ չեռնոգորցիների հետ խաղից առաջ Սենտ Քիթսի և Նևիսի նման գազան հավաքականը մեկ ուրիշն էր գտել-բերել՝ հավաքականի համար խաղային պրակտիկա ապահովելու համար:


Իհարկե, մենք շատ կուզենայինք, որ այս անգամ էլ լիներ չորրորդ-հինգերորդ տուրերի լուսաբանման բարձր տրամադրությունը, սակայն սկզբունքորեն շատ բան կորած չէ, ու դեռ կարող ենք վեր նայել հինգերորդ հորիզոնականից, մանավանդ որ մեր խմբայինն ինչ-որ արտառոցներից չէ: Թիմեր են, էլի, մեկը մյուսից ոչ առանձնապես ավելի, ոչ էլ առանձնապես պակաս, ու աղյուսակում կարելի է շարժերի մաս կազմել: Իհարկե՝ ոչ առանցքային շարժերի, բայց երբեմն տեղում թռվռալն էլ շարժ է ու ավելի քան լուրջ շարժ:
Չեռնոգորիայի ընտրանուց կրած այս ծանր պարտության ազդեցությունը մեղմելու հնարավորություն բարեբախտաբար գտնվեց, ու դա արեց, անում է (հուսանք, որ կշարունակի անել) մեր շախմատային հանճարը: Հեռավոր Ստավանգերում առնելով հայոց ֆուտբոլային ընտրանու պարտության լուրն ու ավելի քան շոշափելի զգալով, թե այդ պահին ինչ տրամադրություններ են իշխում Հայաստանում՝ Լևոն Արոնյանը մեկը մյուսի հետևից ծնկի բերեց նախ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին, ապա աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին ու նրա հայրենակից, աշխարհի թագի համար անցած տարի Կառլսենին ձեռնոց նետած Սերգեյ Կարյակինին:


Յոթ հնարավորից վաստակելով հինգ միավոր՝ Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երեկ նրա մրցակիցն էր աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ